Մաքսային ձևակերպումների գործընթացում արագությունն ու կանխատեսելիությունը ցանկացած բիզնեսի հաջողության կարևոր պայմաններից են։ Ժամանակակից մաքսային մարմինները բոլոր բեռները նույն կերպ չեն ստուգում. դրա փոխարեն կիրառվում է Ռիսկերի կառավարման համակարգը։ Սա ավտոմատացված համակարգ է, որը վերլուծում է տվյալները և որոշում, թե որ բեռն է պահանջում խիստ հսկողություն, և որը կարող է սահմանն անցնել պարզեցված ընթացակարգով։
Այս համակարգի հիմնական գործիքը բեռների բաշխումն է ըստ չորս գունային ուղիների։
Մաքսային հսկողության գունային ուղիները
- Կանաչ ուղի. Բեռն անցնում է առանց ֆիզիկական զննման և փաստաթղթերի խորացված ստուգման։ Ամենաարագ տարբերակն է, որը խնայում է ժամանակն ու ռեսուրսները։
- Կապույտ ուղի. Ապրանքները բաց են թողնվում, սակայն ներառվում են հետբացթողումային հսկողության ծրագրում։ Ստուգումները կարող են իրականացվել ընկերության գրասենյակում կամ պահեստում՝ ապրանքների բացթողումից հետո։
- Դեղին ուղի. Պահանջվում է փաստաթղթերի մանրակրկիտ ստուգում (ինվոյսներ, սերտիֆիկատներ, ծագման երկրի փաստաթղթեր)։ Ֆիզիկական զննում սովորաբար չի կատարվում, եթե տվյալներում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվում։
- Կարմիր ուղի. Ամենաբարդ ընթացակարգն է։ Նախատեսում է թե՛ փաստաթղթերի լիարժեք ստուգում և թե՛ բեռի պարտադիր ֆիզիկական զննում (կշռում, բացում, երբեմն նաև նմուշառում)։
Ինչու՞ է բեռը հայտնվում «կարմիր ուղում»
Համակարգը որոշում է կայացնում հստակ ռիսկի գործոնների հիման վրա.
- Անհամապատասխանություններ փաստաթղթերում. Եթե հայտարարագրի, ինվոյսի, CMR-ի կամ փաթեթավորման թերթիկի տվյալները (քաշ, քանակ, արժեք) չեն համընկնում։
- Ապրանքի ցածր մաքսային արժեք. Եթե հայտարարագրված գինը զգալիորեն ցածր է տվյալ ապրանքատեսակի համար մաքսային մարմինների բազայում առկա միջին վիճակագրական գնից։
- Սխալ ԱՏԳ ԱԱ ծածկագիր. Ապրանքի կոդի ոչ ճիշտ ընտրություն, որը համակարգը կարող է դիտարկել որպես մաքսատուրքերից խուսափելու փորձ։
- Նոր կամ ոչ կայուն պատմությամբ ներմուծող. Ընկերություններ, որոնք նոր են սկսել արտաքին տնտեսական գործունեությունը կամ անցյալում ունեցել են խախտումներ։
Ինչպե՞ս նվազեցնել «կարմիր ուղի» ընկնելու հավանականությունը
Լիովին ապահովագրվել պատահական ստուգումներից հնարավոր չէ, սակայն ռիսկերը նվազագույնի հասցնելը միանգամայն իրատեսական է.
- Փաստաթղթերի կատարյալ ճշգրտություն. Նախքան հայտարարագիր ներկայացնելը, անհրաժեշտ է համադրել բոլոր ուղեկցող փաստաթղթերի տվյալները։ Քաշի կամ տեղերի քանակի մեջ անգամ չնչին անհամապատասխանությունները կարող են տագնապի ազդանշան դառնալ համակարգի համար։
- Ապրանքի ծածկագրի ճիշտ որոշում. Կոդավորումը պետք է իրականացվի պրոֆեսիոնալ մակարդակով՝ հաշվի առնելով ապրանքի տեխնիկական բնութագրերը և բաղադրությունը։
- Իրական և հիմնավորված գներ. Մաքսային արժեքը պետք է համապատասխանի շուկայական տրամաբանությանը, իսկ ձեռքբերման ցածր գնի դեպքում անհրաժեշտ է նախապես պատրաստել վճարման հաստատումները և պայմանագրերը։
- Օրինապահ ներմուծողի պատմության ձևավորում. Ժամանակի ընթացքում ճիշտ և առանց խախտումների իրականացված ձևակերպումները բարձրացնում են ընկերության վստահության վարկանիշը համակարգում։
Մաքսային գործընթացների ճիշտ կազմակերպման և հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու համար խորհուրդ է տրվում դիմել որակավորված մասնագետների աջակցությանը։ Brokers.am հարթակի միջոցով կարող եք գտնել փերձառու մաքսային բրոքերներ, ովքեր կապահովեն Ձեր բեռների անվտանգ և անխափան ձևակերպումը։
